Ես միջահասակ եմ, թեթև, գեղեցիկ քայլվածքով։ Աչքերս` շագանակագույն, մեծ ու հավասարաչափ, հոնքերս սև ու գեղեցիկ, քիթս` հանդուրժելի մեծ, ոչ դյուրին, բերանս ու շուրթերս գեղեցիկ են, ատամներս` ոչ այնքան ճերմակ, որքան կուզենայի, բայց ասես շարված են հմուտ ձեռքով։ Ծնոտս փոքր է ու հաճելի, ականջներս` աննկատելի մեծ, բայց կիպ նստած են կլոր գլխիս, մազերս մի ժամանակ սև էին, կիսագանգուր, ալիքաձև ու խիտ։
Որքան ինձ զննել եմ, իմ մարմնի արտաքին թե-րություններն են քիթս և աջ ուսս, որն ավելի փոքր կարող է երևալ սուր աչքի համար` քան ձախս։ Դեմքիս արտահայտության մեջ թախիծ կա, նկատվում է և միամտություն, որն անծանոթներին կարող է անվստահություն ներշնչել։
Ես ինձ բավականին լավ եմ ճանաչում և անկեղծորեն գրում եմ իմ արժանիքների ու թերությունների մասին։ Շատ եմ անկեղծ մարդկանց հետ, ընկերասեր եմ, չեմ սիրում ստել, խաբել` առավել ևս, բայց հաճախ եմ խաբվում, լիովին գիտակցելով, որ դա կապված է մարդկանց նկատմամբ ջերմորեն տածվող իմ սիրո և հավատի հետ։
Եվ չնայած իմ միամտությանը` ես խելացի եմ, թեկուզ և` սահմանափակ։ Գուցե անհամեստություն է սեփական անձի վերաբերյալ նման ձևով արտա հայտվելը, բայց ձևեր թափելով ու հնարքներով խոսել անձնական առավելությունների, լռել թերությունների մասին, և սրամտորեն ավելի մեծ կարծիք ձևավորել սեփական անձի մասին, թվում է, առնվազն` սնափառություն է դա, որի անառարկելի ապացույցը կարող է հանդիսանալ թեկուզ և այն, որ ես կարող եմ ցանկության դեպքում օրական մի բանաստեղծություն կամ քառյակ գրել, իսկ դա այնքան էլ հեշտ չէ։ Կարող եմ սեղաններ ղեկավարել` տարբեր մակարդակների ու բովանդակության։ Ինձ համար մեծագույն հաճույք է ընթերցանությունը, ինչպես նաև` խելացի մարդկանց հետ զրուցելը` ցանկանալով նրանցից ինչ-որ բան սովորել։ Հումորին հատուկ նշանակություն եմ տալիս խոսակցության ընթացքում։ Վեճերի ժամանակ երբեմն <<հեռանում>> է ողջամտությունս` զգալով խոսակցիս սխալ պնդումները։ Ես երբեք չեմ կարող մոռանալ ցանկացած չափի ու մակարդակի լավություն, նաև` վատություն, չնայած միշտ էլ ներողամտորեն եմ վերաբերվում վատություն անողների նկատմամբ։
Ես լի եմ բարի զգացումներով և պատրաստ եմ ձեռք մեկնել բոլոր նրանց, ովքեր իմ կարիքն ունեն։ Կրքերս հանդուրժողական են, բայց երբ անարգում են պատիվս` ես պատրաստ եմ ամեն ինչի։ Փառամոլությանը չեմ տրվում երբեք, մեծի հետ մեծ եմ, փոքրի հետ` փոքր։ Խղճահարության զգացում ունեմ, դա, գուցեև, գալիս է հոգուս թախծոտությունից։ Սիրում եմ հարազատներիս ու նրանց համար չեմ ափսոսա իմ նյութականը, զիջող եմ նրանց հանդեպ և հեշտությամբ ներում եմ նրանց սխալները։ Բնույթով հետաքրքրասեր չեմ իմ շրջապատի մարդկանց նկատմամբ, բայց հետևողական եմ տված խոստումներիս համար։ Կանանց նկատմամբ հետաքրքրություն ունեմ, բայց շատ զգույշ եմ նրանց հետ առնչվելիս` առաջնորդվելով <<Որքան գեղեցիկ է կինը` նույնքան հեռատես պետք է լինի տղամարդը>> կարգախոսով, և, կարծում եմ, կյանքիս փորձը չի ենթարկվի սրտիս թելադրանքին։
Բնավորությամբ օրինապաշտ եմ, ունեմ իմ անձնական <<օրենքները>>, որոնք գերադասում եմ մյուս բոլոր օրենքներից։ Դա բնավորության մի հատկանիշ է, որն, իմ խորին համոզմամբ, զերծ պահեց ինձ ա-նախորժություններից և կյանքում ոչ մի անգամ չկանգնեցրեց դատարանի առաջ։ Դա իմ արժանի հաղթանակներից մեկն է, որը շարունակվել է հիսուն տարվա աշխատանքային վաստակիս հետ։ Չնայած ոչ արհեստավարժ մակարդակով, շատերը մեր քաղաքացիներից վերջերս քաղաքական դաշտ մտան։ Մեր դարաշրջանի քաղաքագետներից ես կնախընտրեի Գարեգին Նժդեհին, իսկ ներկայիս քաղաքական գործիչներից, մեղմ ասած, դժվար է գլուխ հանել։ Շատերը եսասիրությունը շփոթում են հայրենասիրության հետ, անձնականը` հանրայինի։ Ես կուզեի պետական բարձր պաշտոններում տեսնել Օսկանյանի, Իվանյանի, Ավոյի նման անձնավորությունների, ովքեր անշահախնդրորեն ծառայեցին մեր ժողովրդին ու հայրենիքին։ Փա¯ռք ու պատիվ նրանց, ովքեր իրենց արյան գնով գործած սխրանքներով բազում դարերից հետո մեր ժողովրդին կրկին հաղ-թանակի բերկրանքը վայելելու հնարավորությունը պարգևեցին։
Կուզեի ավելացնել, որ բանաստեղծություններ գրելիս ամենևին չեմ մտածել տեղ գրավել բանաստեղծների շարքում։ Նման նպատակ ամենևին չեմ հետապնդել, թեև իմ գրած շատ բանաստեղծություններ կարող են ընթերցողի հավանությանն արժանանալ։ Գրական փառքի հասնելու ոչ մի հավակնություն թեև չունեմ, բայց գրում եմ,սրտիս թելադրանքով, և դա մեծ բավականություն է պատճառում ինձ։ Բացի դրանից` բացահայտվում է ստեղծագործելու իմ կարողությունը, և այն,որ մեր երկրի ցանկացած բնագավառում աշխատող յուրաքանչյուր քաղաքացի իրենից հետո մի բան, թեկուզ ոչ մեծ արժեք ներկայացնող, պետք է թողնի հետնորդներին` ես համարում եմ յուրաքանչյուրիս հոգու պարտքը։ Ես անչափ սիրում եմ իմ հայրենիքը, մեր արքայական հայոց լեզուն, ընտանիքս։ Սիրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս մոլորակն իրենց տունն են համարում, հրաշալիքներ են ստեղծում մարդկանց համար և պայքարում հանուն խաղաղության ու լավ կյանքի։
26.07.2009